ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Վերափոխումների և բարեփոխումների հաստատուն ճանապարհով

11.01.2013 19:50
2012 թվականը ոստիկանության համար աննախադեպ էր ոչ միայն բարեփոխումների ծավալով ու նորարարությամբ, այլև ծրագրերի շարունակականությամբ, որոնց մի մասը կամբողջանա այս նոր տարում, մյուսներն ավելի հեռուն կգնան, քանի որ կառույցին ոչ միայն արդիական, այլև ապագայինը լինելու խնդիր է առաջադրվել:
Շատ բան փոխվեց այս ընդամենը մեկ տարում: Եվ սա՝ ոչ միայն ներսից, այլև՝ դրսի հայացքով: Ի վերջո, հասարակությանը ծառայելու կոչված կառույցի աշխատանքը գնահատողը նույն հասարակությունն է: Եվ այսօր ոստիկանության հանդեպ հանրային վերաբերմունքի դրական փոփոխությունը, վստահության որոշակի աճը վկայում են, որ համակարգի բարեփոխման ռազմավարությունը ճիշտ էր նաև մարտավարական արտահայտություններում: Բոլոր հաշվետվություններից ու վիճակագրություններից ավելի՝ քաղաքացու աչքն է գնահատում՝ ոստիկանության աշխատանքում փոփոխություն կա՞, թե՝ ոչ, և գնահատականի անկեղծությունն է հուշում՝ արդյունավե՞տ են ընտրված ճանապարհն ու ընթացքը: Հասարակության արձագանքը ոստիկանության կերպարի ու աշխատաոճի փոփոխություններին դեռևս միանշանակ չէ, բայց այն, որ ոչ վաղ անցյալում արտասահմանյան կինո կթվար, այնքան սովորական է դարձել, որ մարդիկ սկսել են չնկատել, արդեն իսկ արձագանք է ու՝ ոգևորող արձագանք:  
Սովորական է, երբ սովետական կինոյի կերպար «գայիշնիկին» վարժված մեր աչքը այսօր տրանսպորտային հոսքը կարգավորող ու վերահսկող ՃՈ պարեկի մեքենան է տեսնում, որ նեղվածք ու կիսամութ անձնագրային բաժանմունքներին փոխարինել են ընդարձակ ու լուսավոր սրահները՝ ժպտադեմ աշխատակիցներով, պրոֆեսիոնալ աշխատանքով, ժամանակակից սպասարկմամբ, որ տեղամասային տեսուչին ոչ թե պետք է սպասել, հաճախ՝ երկար ու անպտուղ, այլ ճանաչել համացանցի տեղեկատվության ու շենքերի մուտքերում փակցված պաստառների միջոցով, նաև իմանալ հեռախոսահամարն ու աշխատավայրը: Իսկ սպայական հատուկ գումարտակի ծառայությունն արդեն այնքան սովորական է երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար, որ կարծես տասնամյակներ շարունակ այդպես էլ եղել է: Եվ անսովոր չի թվում առաջիկա ամիսներին նաև մարզային կենտրոններում նույնպիսի ստորաբաժանումներ ունենալու ծրագիրը: 
Նույնը կարելի է ասել փողոցների գծանշման ու լուսացույցների տեղադրման մասին: Անցնող տարում միայն Երևանում տեղադրվել է 2200 ճանապարհային նշան, կատարվել է 2.125.920 գծամետր ճանապարհային գծանշում, 12 խաչմերուկ կահավորվել է ժամանակակից լուսադիոդային լուսացույցներով, նախկինում չկարգավորվող խաչմերուկներում տեղադրվել են լուսացույցներ: Ընդ որում, միանգամայն նոր եղանակներով, գույներով ու լուսավորությամբ իրականացված գծանշումը արդեն իսկ արժանացել է հասարակության դրական արձագանքին, ինչը աշխատանքներն այդ ուղղությամբ ակտիվացնելու կարևոր խթան է:
Տարվա ձեռքբերումներից են նաև արագաչափ ու տեսադիտարկման սարքերը, որոնց կիրառումը ոչ միան հեղափոխություն է երթևեկության անվտանգության ապահովման, այլև օրինահարգ ու բարեկիրթ քաղաքացու, մեծ հաշվով՝ քաղաքացիական հասարակության ձևավորման գործում:
Նույն նպատակին է միտված նաև ուժեղացված ծառայության կազմակերպումը դպրոցամերձ տարածքներում…
Կրկնենք. այս փոփոխությունները ընդգրկուն ռազմավարության մարտավարական արտահայտություններն են: Ռազմավարություն, որի դրույթները հանրապետությանՆախագահ Սերժ Սարգսյանը հրապարակեց անցյալ տարվա նոյեմբերի 1-ին ոստիկանությունում ունեցած հանդիպման ժամանակ: Իսկ ծրագրի իրականացումը սկսվեց համակարգի կադրային բարեփոխությամբ, քանզի հստակ գիտակցվում էր՝ նոր ոստիկանություն կարող են ստեղծել միայն գաղափարի հավատավորները: Եվ անցնող տարին հաստատեց այս մարտավարության իրավացիությունը: 
Ոստիկանության գործը ծառայությունն է՝ քաղաքացուն, օրենքին, երկրին: Իսկ ծառայել կարող է միայն նվիրյալը, իր գործը որպես առաքելությունընկալողը: Հակառակը չի լինում, հակառակը անընդունելին է, մերժելին է, արդեն իսկ մերժվածն է՝ քաղաքացու և հասարակության կողմից: Այս սկզբունքի գիտակցման և ամրագրման խնդիրը առանցքային դարձավ տարվա ընթացքում ոստիկանության պետի հրավիրած խորհրդակցությունների, աշխատանքային հանդիպումների, զրույցների ընթացքում: Այս իրողությունը պետք է հասցվեր ողջ անձնակազմին՝ բարձրաստիճան սպայից մինչև շարքայինը: Եվ հասցվեց՝ նշանակետ ունենալով հատկապես Ճանապարհային ոստիկանությունը, Անձնագրային և վիզաների վարչության ստորաբաժանումները և արտաքին ծառայությունը, ոլորտներ, որտեղ ոստիկանն ամեն օր և ուղղակիորեն է առնչվում քաղաքացու հետ:
Ազնիվ ու արհեստավարժ ծառայություն հասարակությանը, բարեկիրթ ու բանիմաց ոստիկան, թափանցիկ, հրապարակային գործունեություն. ահա ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման գրավականները: Առանցքային է հատկապես թափանցիկաշխատելու սկզբունքը:Դրա իրականացմանն էր ուղղված մի այնպիսի անսպասելի ու անսովոր քայլ, ինչպիսին տեսախցիկների տեղադրումն էր անձնագրային բաժանմունքներում և հաշվառման-քննական բաժնում: Դրանց միջոցով քաղաքացին ոստիկանության կայքէջում ոչ միայն ուղղակի կարող է տեսնել, այլև վերահսկել աշխատանքը: 
Փակ համակարգի կարծրատիպը կոտրելու մյուս հանգրվանը համայնքային ոստիկանության կազմավորումն էր: Համայնքային ոստիկանությունը հենց հասարակական ոստիկանությունն է, ժողովրդի՛ ոստիկանությունը: Հենակետերում ծառայություն են կատարում երիտասարդ, նորովի մտածող, վստահելի՛ ոստիկաններ, որոնց մարդիկ դիմում են իրենց խնդիրներով, խորհուրդներով, առաջարկներով, գալիս են պարզապես զրուցելու այլևս իրենց համայնքի անդամ-ոստիկանի հետ: 
Համայնքային ոստիկանությունն ու «Հրեշտակների գումարտակը» ապագայի ոստիկանության նմուշն են, և այն, որ ոստիկանության պետը անձամբ է մասնակցում հենակետերի բացմանը, զրուցում ծառայողների ու բնակիչների հետ, բացատրում համայնքային ոստիկանության խնդիրներն ու նշանակությունը, վկայում է, որ գործընթացը շարունակվելու և խորանալու է:
Ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման հանգուցային ուղղություններից է անչափահասների հետ տարվող աշխատանքը: Տարվա ընթացքում ոստիկանության ամենատարբեր ծառայությունների ներկայացուցիչները տասնյակ հանդիպումներ են ունեցել հանրապետության դպրոցներում, դասախոսություններ կարդացել, զրուցել աշակերտների ու մանկավարժների հետ, երեխաներն էլ իրենց հերթին այցելել են ոստիկանության բաժիններ, ծանոթացել իրավապահների աշխատանքին, պարեկախմբերի հետ մասնակցել շրջայցերի: Իսկ մյուս տարի նախատեսվում է վերսկսել «Տեսուչը դպրոցում» ծրագիրը և ընդլայնել հանդիպումների աշխարհագրությունը՝ արդեն նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում…
Միայն այսպես՝ փոխճանաչման ու փոխվստահության հիման վրա է իրողություն դառնում «Ոստիկանն իմ պաշտպանն է» նշանաբանը: 
Տարվա ընթացքում ակնառու փոփոխություն է կրել նաև արտաքին ծառայության աշխատանքը: Հատուկ սպայական գումարտակի և պարեկային կարգախմբերի նորովի ներկայությունը մեր կյանքում արդեն իսկ տեսանելի ու գնահատված է հասարակության կողմից, իսկ հասարակական կարգի պահպանմանն ուղղված՝ օրերս կազմակերպված միջոցառումը վկայությունն է ոստիկանության այդ գործառույթի արդիականացման ու հրապարակային գործունեության:
«Ոստիկանության համահավաք ջոկատի գործողությունները զանգվածային անկարգություններիկանխման և խափանման» թեմայով անցկացված հրամանատարաշտաբային զորավարժությունը լայնորեն լուսաբանվեց զանգվածային լրատվության միջոցներով, ինչը մեկ անգամ ևս վկայեց, որ ոստիկանությունը բաց է հասարակության համար, ավելին՝ ակնկալում է քաղաքացիների աջակցությունըհասարակական կարգի պահպանման գործում, իսկ «Ուժի ցուցադրումով բացառել ուժի կիրառումը» նշանաբանը բխում է նախևառաջ հասարակության շահերից, քաղաքացու՝ խաղաղ, ապահով, օրինավոր պայմաններում ապրելու ցանկությունից:
Այս խորքային գործընթացները դրական գնահատվեցին հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, միջազգային կառույցների կողմից: Համագործակցության դաշտն ընդլայնվեց ու խորացավ: Ոստիկանության նախաձեռնությամբ տասնյակ կլոր սեղաններ կազմակերպվեցին՝ ուղղված գործող օրենսդրության մի շարք դրույթների քննարկմանն ու արդիակացմանը: Հուշագիր ստորագրվեց հանրապետության փաստաբանների պալատի հետ, ինչը արդեն իսկ նպաստում է նախաքննության փուլում քննչական մարմինների և փաստաբանների համագործակցված աշխատանքին:
Տարին աննախադեպ էր նաև աշխարհի տարբեր երկրների ոստիկանական կառույցների հետ փոխգործակցության առումով՝ փորձի փոխանակման, կադրերի վերապատրաստման, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում:
Օտարերկրյա բազմաթիվ կառույցներ ու կազմակերպություններ ընդառաջ եկան բարեփոխումների ընթացք որդեգրած ոստիկանությանը: Համագործակցության տասնյակ առաջարկներ եղան,համատեղ  ծրագրեր առաջադրվեցին, որոնց մի մասն արդեն իսկ իրականացման փուլում է, մյուսները նույնպես, վստահ ենք, իրականություն կդառնան:
Իսկ ինչ վերաբերում է դիվանագիտական ներկայացուցչությունների, հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության ու ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ համագործակցությանը, ապա այն վերաճել է իրական գործընկերության և բարեկամության: Դրա վկայությունն են բազմաթիվ հանդիպումները այդ հաստատությունների ղեկավարների ու պատասխանատուների հետ և նախանշված ու արագորեն իրողություն դարձած ծրագրերը՝ բարենորոգված ու տեխնիկապես հագեցված կրթահամալիր, նորաբաց հրաձգարան, ժամանակակից պաշտոնական կայքէջ, սեմինարներ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ, սոցհարցումներ բնակչության շրջանում՝ ոստիկանության գործունեության իրական պատկերն ու օբյեկտիվ գնահատականը տալու նպատակով…
Թվարկումը կարելի է շարունակել, բայց դարձյալ կիսատ կլինի, քանի որ համագործակցությունն այս ոլորտներում դրվագային չէ, այլ ընդգրկուն ծրագիր, որն իր շարունակությունն է ունենալու նաև նոր տարում և առաջիկա տարիներին:
Բարեփոխումները ոստիկանության գործունեության մի շերտն են միայն, որին զուգահեռ շարունակվում է հասարակական կարգի պահպանման և հանցավորության դեմ պայքարի ամենօրյա աշխատանքը: Հայացքը՝ որքան ներկային ու ապագային, նույնքան էլ անցյալին է ուղղված, և թափ է տրվում տասնամյակների վաղեմություն ունեցող քրեական գործերի փոշին: Այդպիսի բազմաթիվ գործեր բացահայտվեցին անցած տարում, տասնյակ հետախուզվողներ հայտնաբերվեցին՝ այդ փաստով իսկ ամրագրելով այն իրողությունը, որ «արտոնյալ» հետախուզվողներ չկան և օրենքի առաջ բոլորը հավասար են…
Ոստիկանությունը շարունակում է իրականացնել իր գործառույթները և ընդլայնումդրանց սահմանները՝ պայքարելով ապօրինի ծառահատումների դեմ, օգնելով, որ իր դժվար ապրուստը վաստակող շինականն անկորուստ իրացնի բերքը, աջակցելով գայլերից իր հոտը պաշտպանող գյուղացուն, կարգի հրավիրելով տարատեսակ գոռոզամիտներին, որոնք թիկնազորերով ու շարասյուներով փորձում են օրենքի և հասարակության հանդեպ իրենց իբր գերազանցությունը ցուցադրել…
Ոստիկանությունն իրականացնում է իր գործառույթները և ավելին է անում: Վկա՝ անճանաչելիորեն նորոգ ու նորացած կենտրոնական մասնաշենքը, «Դինամոյի» հարմարավետ մարզադահլիճները, նորաբաց հենակետերն ու անձնագրային բաժանմունքները, շինարարական ծավալուն աշխատանքը ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում…
Ոստիկանությունը մի՛շտ է իրականացնելու իր գործառույթները՝ նշանակետ ունենալով պայքարը հանցավորության դեմ, հանցագործությունների կանխարգելումը, հասարակական կարգի պահպանումը, օրենքի գերակայության ամրագրումը: Եվ հատկապես՝ նոր ոստիկանի ձևավորումը: Ոստիկան, ում համար գործը նվիրում է, ծառայությունը՝ առաքելություն, համազգեստը՝ պատիվ:
Ուշագրավ է, որ ոստիկանությունը տարին եզրափակում է հենց նոր համազգեստի հայտով: Համազգեստ, որը ոչ միայն նոր է, գեղեցիկ ու հարմարավետ, այլև խորհրդանշական, քանզի հանրությանը ներկայացվելով այս տարեվերջին՝ շրջանառության մեջ է մտնելու 2013 թվականին՝ խորհրդանշելով ոստիկանության բարեփոխման շարունակականությունը, անշրջելիությունը, ապագայի ոստիկանությունն այսօր հիմնելու գերխնդրի իրականացման հետևողականությունը:
Եվ մի օր հայ ոստիկանը իր նոր արտաքինով ու համարժեք ներքինով կդառնա մեր հասարակության ամենասովորական անդամը, մեր հզոր ու զարգացած պետության, օրենքի և օրինականության պաշտպանը, ու դա կլինի ոչ թե ֆանտաստիկ, այլ ամենասովորական վավերագրական կինո: