ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ԵՐԴՎՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 95 ՏԱՐԻ (ՏԵՍԱՖԻԼՄ)

19.04.2013 18:44 Պատմություն
ԵՐԴՎՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 95 ՏԱՐԻ (ՏԵՍԱՖԻԼՄ)

 

 

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈ՛ՒՆ
 
Ապրիլի 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրն է: 95 տարի հանցավորության դեմ պայքարի եւ հասարակական կարգի պահպանման առաջին գծում: 
Ոստիկանի մասնագիտական տոնը նշվեց հանդիսավոր պայմաններում: 
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ` ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաները, վետերաններն ու հյուրերը, հարգանքի ու երախտիքի տուրք մատուցեցին հայ ոստիկանների բոլոր սերունդներին՝ ծաղկեպսակներ դնելով Արամ Մանուկյանի եւ Իրավակարգի զինվորի հուշարձաններին: 
Տոնական օրը շարունակվեց հանդիսավոր նիստով:
Քայլերգի հնչյունների ներքո դահլիճ բերվեցին Հայաստանի Հանրապետության եւ ոստիկանության դրոշները: 
Հրապարակվեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: 
«Ոստիկանության հարգելի աշխատողներ եւ վետերաններ, շնորհավորում եմ ձեզ` ոստիկանության տոնի կապակցությամբ: Ակնհայտ է, որ վերջին տարիներին ոստիկանության ոլորտում իրականացված եւ իրականացվող բարեփոխումները տվել են իրենց դրական պտուղները:  Քաղաքացիների իրավունքների, ունեցվածքի, հատկապես հասարակական կարգի պաշտպանությունն այսօր մեզանում բարձրացված է ավելի հուսալի աստիճանի:  Սա փաստ է, եւ այդ ձեռքբերումը արդյունք է այն ծավալուն աշխատանքի, որ իրականացնում եք դուք: 
Հայաստանի ոստիկանության տեխնիկական վերազինումը, աշխատանքի բարելավումը, ինչպես նաեւ արհեստավարժության կտրուկ բարձրացումը, որոնք նախկինում բարի ցանկություններ էին, այսօր հիմնականում իրականություն է: Թեեւ անելիքներ դեռ շատ կան, այդուհանդերձ անհերքելի է, որ հասարակության աչքին բարձրացել է ոստիկանի մասնագիտության եւ ընդհանրապես ոստիկանության` որպես պետական կառույցի հեղինակությունը: 
Համոզված եղեք, որ ե՛ւ ժողովուրդը, ե՛ւ իշխանությունը ուշադրությամբ եւ երախտագիտությամբ, նաեւ քննադատությամբ հետեւում են ձեր աշխատանքին: 
Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ առողջություն, ընտանեկան երջանկություն եւ անփորձանք ծառայություն` ի փառս Հայաստանի Հանրապետության»:
Ոստիկանության մի խումբ աշխատակիցների Հանրապետության նախագահի կողմից հանձնվեցին պարգեւներ:
Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնանքի խոսքը ոստիկաններին հաղորդեց Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանը: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրապետական սուրբ օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Հայաստանի Հանրապետության ոստիկաններին` ոստիկանության 95-ամյակի առթիվ: Մեր բարեմաղթանքներն ենք բերում Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ տիար Վլադիմիր Գասպարյանին եւ բոլոր ոստիկաններին` հայցելով Տիրոջ շնորհները, որպեսզի ամենակալ Աստծո հովանու ներքո հայրենասիրությամբ ու ազգանվիրությամբ շարունակեք ձեր ծառայությունը` ի խնդիր մեր հայրենիքի շինության եւ հավատավոր մեր ժողովրդի առաջընթացի»:
Ոստիկանության օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսք ասաց եւ ոստիկանության աշխատանքը բարձր գնահատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը: «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ բոլորիդ Ոստիկանության օրվա կապակցությամբ:
Ցանկացած պետության կայացածության աստիճանը կարելի է գնահատել նրանով, թե ինչպիսին է ոստիկանությունը, ինչ մակարդակի վրա է գտնվում ոստիկանների մասնագիտական պատրաստվածությունը, ինչ աշխատաոճ են կրում ոստիկանությունում եւ ինչ ձեւով են մատուցում այն ծառայությունները, որոնք ամրագրված են օրենքով: Մենք պետք է արձանագրենք, որ վերջին ժամանակահատվածում նկատվում են էական բարեփոխումներ ոստիկանության աշխատաոճի մեջ: Այսօր ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողքին է, իսկապես ծառայություն է մատուցում մեր քաղաքացուն: Քաղաքացին արդյունքում իրեն զգում է ավելի պաշտպանված:  Հասկանալի է, որ դեռեւս ունենք անելիքներ: Եթե մենք պահանջում ենք բարձր մասնագիտական պատրաստվածություն, պարտավոր ենք ստեղծել հնարավորություններ ոստիկանությունում աշխատողների համար:
Խոսքը ոչ միայն տեխնիկական հագեցվածության, այլեւ աշխատավարձի, սոցիալական խնդիրների լուծման մասին է:  Առաջին հերթին այսօր մեր առջեւ խնդիր է դրված, որպեսզի կարողանանք ոստիկանների համար լուծել նաեւ բնակարանային ապահովվածության խնդիրը: Այս խնդիրները, հանրապետության նախագահի հանձնարարականով, կառավարության ուշադրության կենտրոնում են, եւ ձեզ հավաստիացնում եմ, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի մոտակա տարիների ընթացքում էապես բարելավենք իրավիճակը ոստիկանությունում աշխատողների համար»:
Գործընկերներին շնորհավորանքի ջերմ խոսք հղեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը. «Ուզում եմ խոնարհվել մեր 95 տարեկան ոստիկանության անցյալի համար: Խոնարհվում եմ բոլոր` այս 95 տարիներին ոստիկանական դժվարին, ծանր աշխատանքով անցածների առաջ: 
Մենք ունենք լավ անցյալ, մեր բոլոր թերություններով հանդերձ, վերցրել եւ կրում ենք այն լավը, ինչ թողել են մեր ավագ սերունդները: Եվ փորձում ենք շտկել այն վատը, ինչ թողել են մեր ավագ սերունդները, եւ ակնկալում եմ, որ կշենացնենք մեր ոստիկանությունը, եւ մեզնից հետո եկողները կլրացնեն մեզ: 
Թող տարօրինակ չլինի, որ այսօր ես քաղաքացիական համազգեստով եմ: Ընդամենը յոթ օր առաջ մենք Բաղրամյան պողոտայի վրա հանձնեցինք քննություն: Չեմ կարող այդ մասին չխոսել: Եվ հանձնեցինք, կարծում եմ, գերազանց: Քաղաքացիական համազգեստով եմ կանգնած ձեր առջեւ, որպեսզի բոլորդ հասկանաք, իմ սիրելի՛ գործընկերներ, որ մենք նախեւառաջ քաղաքացիներ ենք: Ոստիկանությունը մեր մասնագիտությունն է: Այ, երբ կարողանանք, որ մեր միջի քաղաքացին ու ոստիկանը երկխոսեն, այն ժամանակ հասկանալի կդառնանք մեր հասարակությանը, ընկալելի կդառնանք նրանց համար: Քաղաքացին մեր գերագույն արժեքն է, եւ մենք` նրա հրեշտակ պահապանները: 
Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կատարեցին հանրապետության Նախագահի ցուցումը` ապրիլի 9-ին դրսեւորել բացարձակ զսպվածություն, պահել ու պահպանել քաղաքացուն ու կրել դրա համար անձնական պատասխանատվություն: 
Ես շնորհակալություն եմ հայտնում, որ Նախագահի ցուցումը ոստիկանությունը` նորաստեղծ ոստիկանությունը, նորոգված ոստիկանությունը, կատարեց ըստ պատշաճի: Շնորհակալ եմ եւ խոնարհվում եմ ձեր առաջ: Եվ ակնկալում եմ, որ մեր ձեռքբերումները պետք է հարստացնենք մեր աշխատանքով, մեր խոնարհությամբ, նաեւ` հավատքով, քանզի հենց հավատքն է շաղախ դառնում հասարակության եւ ոստիկանության միջեւ: Այո՛, ոստիկանությունը, մենք Աստծով ենք եւ շարժվելու ենք այսպես` քրիստոնեաբար, եւ ամրացնելու ենք մեր երկիրը եւ մեր քաղաքացու համար դառնալու ենք պահապան հրեշտակ»:
Մասնագիտական տոնի առթիվ ոստիկաններին շնորհավորեց եւ պարգեւներ հանձնեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
«Ես կարծում եմ, որ Հայաստանի ոստիկանությունն սկսել է փոխել իր դեմքը, եւ սա շատ կարեւոր է մեր երկրում իշխանության դեմքը հավաքական իմաստով փոխելու տեսանկյունից: Ես ողջունում եմ վերջին շրջանում ոստիկանությունում տեղի ունեցած դրական փոփոխությունները, եւ կարծում եմ, որ փոփոխությունները ոստիկանության ներսում իսկապես պետք է շարունակվեն, որպեսզի մի կողմից ունենանք քաղաքացու թիկունքին կանգնած, քաղաքացուն օգնող ու աջակցող ոստիկան, մյուս կողմից` լկտիությունն ու սանձարձակությունը պատժող, օրենքի վրա թքած ունեցած մարդկանց համար իսկապես խիստ պատժամիջոցներ կիրառող ոստիկանության աշխատակից: 
Մաղթում եմ մեր ոստիկաններին անձնուրաց ծառայություն: Կարեւորում եմ սկսված բարեփոխումների շարունակությունը, կարեւորում եմ Հայաստանի ոստիկանության համակարգում այնպիսի բարեփոխումների իրականացում, որոնք ոստիկանությանը կբերեն եւ կդասակարգեն միջազգային չափանիշներին համապատասխան լավագույն ոստիկանական կառույցների շարքը: Շնորհավորում եմ եւ մաղթում ամենայն բարիք»:
Ոստիկանության` որպես պետության հիմնասյուներից մեկի դերը բարձր գնահատեց ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը: «Ես ուրախ եմ` իմ անունից, Արդարադատության նախարարության անունից շնորհավորելու ոստիկանությանը, որն իր շնորհավորանքները ամենօրյա աշխատանքով վայելել է: Շնորհավորելու ոստիկանությանը, որը մեր երկրի կայացման հարցում վճռորոշ քայլեր է կատարում: Երբ ոստիկանությունը դառնում է մարդու պաշտպանը, ոստիկանությունից վախենում են միայն հանցագործները, ոստիկանության համար չկան անպատժելի մարդիկ. այդ ոստիկանության առջեւ, իրոք, պետք է գլուխ խոնարհել:
 Մի քանի օր առաջ, իրոք, մեր երկրի համար մի իրավիճակ էր, որտեղ որոշում կայացնելուց էր կախված մեր հետագա մի քանի տարիների ամբողջ պետական համակարգի աշխատանքի բովանդակությունը: Այն բացասական երեւույթները, որ ամբողջ մեր պետական համակարգում կարող էին լինել, ըստ էության` չեն լինելու, եւ մեր պետությունը շարունակելու է իր ամուր, կայուն քայլերով մեր հետագա կայացումը: Եվ այս առումով, որպես մարդ, շնորհակալություն եմ հայտնում: Եվ մյուս կողմից սկսում ես մտածել, իսկ ի՞նչ է անհրաժեշտ, ի՞նչ է պետք, որո՞նք են նախապայմանները այս բոլոր փոփոխությունները կատարելու համար: Իրականում` շատ բան, եւ իրականում` շատ քիչ բան` փիլիսոփայության փոփոխություն, մտածողության փոփոխություն: Եվ այնպիսի մարդու կողմից այս կառույցի ղեկավարումը, որի արժեհամակարգում սուտը, կեղծիքը, խաբելը չկա, որի համար հայրենիքը բարձրագույն արժեք է, որի համար հայրենիքին ծառայելը բարձրագույն արժեք է: Եվ այս ամբողջը, այս երեւույթները, դրականը, որոնք կան ոստիկանությունում, կարծում եմ, պետք է աստիճանաբար ընդօրինակեն նաեւ մյուս պետական համակարգերը` լավը վերցնել, վատը արմատախիլ անել: 
Կրկին շնորհավորում եմ ձեզ եւ ցանկանում, որ այն քայլերը, որոնք կատարվում են` անշեղորեն շարունակվեն, այն անելիքները, այն խնդիրները, որոնք դրված են ձեր առջեւ` փորձեք շարունակել: Ես ուրախ եմ, հպարտ եմ, որ մեր երկրում կա նման ոստիկանություն, կա նման աշխատանք: Շնորհավորում եմ բոլորիդ»:
Բարձր գնահատելով հանցավորության դեմ պայքարի գործում ոստիկանության հետ համագործակցությունը` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանն ասաց. «Ազգային անվտանգության ծառայության ողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ ոստիկանության համակարգի ծառայողներին, վետերաններին` մասնագիտական օրվա կապակցությամբ: Այսօր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կարող է հպարտությամբ անդրադարձ կատարել իր անցած ուղուն եւ փաստել, որ միշտ էլ կանգնած է եղել օրինականության ամրապնդման առաջատար դիրքերում: Համոզված եմ, որ պահպանելով արդեն իսկ ձեւավորված աշխատանքային ավանդույթները` համատեղ ուժերով կկարողանանք հաջողություններ արձանագրել ահաբեկչության, կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարում:
 Հարգելի՛ պարոն Գասպարյան, հարգում եմ Ձեզ որպես պատվասեր եւ վճռական անձնավորության:  Ձեր երկար տարիների աշխատանքն ապացուցում է, որ գլխավորը Ձեզ համար եղել եւ մնում է Հայրենիքն ու նրա շահը: Հաճույքով եմ շփվում Ձեզ հետ եւ օր օրի համոզվում եմ` իմ կողքին մի անձնավորություն է, որը պատրաստ է ջանք թափել, անձնուրաց օգնել եւ աջակցել գործընկերներին: Դուք մարդու այն տեսակն եք, ով կոչված է պատվով, պարտքի զգացմամբ, անձնական օրինակով ոգեշնչել գործընկերներին, վերցնել իր վրա պատասխանատվություն, չընկրկել մարտահրավերների առջեւ»: 
Ոստիկանության տոնի կապակցությամբ շնորհավորանքներ եւ խրախուսանքներ եղան նաեւ հանրապետության գլխավոր դատախազի, պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոնակատարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի կողմից:
Տոնական հանդիսությանը մասնակցում էին եւ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից պարգեւների արժանացան համակարգի 95-ամյա վետերաններ Շուշիկ Գրիգորյանն ու Ավետիք Հակոբյանը, 89-ամյա Նիկոլայ Մելիքջանյանը: 
Ոստիկանության պետի կողմից պարգեւատրվեցին նաեւ համակարգի մի խումբ լավագույն աշխատակիցներ:
Ոստիկանության 95-ամյակին նվիրված հանդիսությունը եզրափակվեց տոնական համերգով:
Ոստիկանության տոնը հանդիսությամբ նշեցին պետական պահպանության գլխավոր վարչությունում: Միջոցառմանը մասնակցում էին հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված պետական պահպանության աշխատակիցների հարազատները, վետերաններ:
Պետական պահպանության աշխատակիցներն ու զոհվածների հարազատները ծաղիկներ դրեցին զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: 
Պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա Մկրտումյանն այնուհետեւ զրուցեց զոհվածների հարազատների հետ, վստահեցրեց, որ իրենք միշտ նրանց կողքին են:
Ոստիկանության 95-ամյա տարեդարձին նվիրված միջոցառման երկրորդ մասը նիստերի դահլիճում էր: Ընթերցվեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ուղերձը, այնուհետեւ պարգեւներ հանձնվեցին ոստիկանության պետի հրամանով խրախուսվածներին:
Ոստիկանության մասնագիտական տոնը մեծ հանդիսությամբ նշվեց նաեւ մարզային վարչություններում ու ենթակա ստորաբաժանումներում:
Կոտայքի մարզի ոստիկաններն այցելեցին սահմանների պաշտպանության եւ ծառայության ժամանակ զոհված ոստիկանների ծնողներին, նաեւ ծաղկեպսակ դրեցին զոհվածների հուշակոթողին եւ Ալեքսեյ Հեքիմյանի կիսանդրուն: 
Տոնական միջոցառումը շարունակվեց հանդիսավոր նիստով` լավագույն ծառայության գնահատանք, լավագույն աշխատակիցներին` պարգեւներ: Հանդիսությունը եզրափակվեց տոնական համերգով: 
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության եւ ենթակա բաժինների աշխատակիցները տոնական միջոցառումը սկսելուց առաջ, որին մասնակցում էին նաեւ զոհված ոստիկանների հարազատները, ծաղիկներ դրեցին ծառայության ժամանակ զոհված ոստիկան Վահե Դովլաթյանի հուշակոթողին: Հանդիսավոր նիստի մասնակիցները իրենց ելույթներում բարձր գնահատեցին ոստիկանության գործունեությունը: Ծառայության մեջ աչքի ընկած ոստիկանները պարգեւատրվեցին:
Սյունիքում տոնական միջոցառումը մեկնարկեց հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ եւ ծառայություն կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին հարգանքի տուրք մատուցելով, ինչին հետեւեց հանդիսավոր նիստը: Լավագույն ծառայողներն արժանացան պարգեւների:  
 Ոստիկանության 95-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումը շուքով էին կազմակերպել նաեւ Արմավիրի մարզի ոստիկանները: Հանդիսավոր նիստը սկսելուց առաջ հարգանքի տուրք մատուցվեց զոհված ոստիկանների հուշակոթողի մոտ: Մարզի ոստիկանների ծառայությունը բարձր գնահատեցին նիստին ներկա հյուրերը, մասնավորապես` մարզպետը, ում կողմից մի շարք ոստիկաններ խրախուսվեցին: Լավագույնները խրախուսվեցին նաեւ ոստիկանության ղեկավարության կողմից: